Շարունակվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեկտեմբերի 7-ին Տիգրան Սարգսյանն այցելեց Մայնց քաղաք, որտեղ` Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետ Կուրտ Բեկի հետ կայացավ հանդիպում: Հանդիպման ընթացքում ՀՀ կառավաության ղեկավարն ու Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետը քննարկեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես գյուղատնտեսության, ճշգրիտ սարքաշինության, տուրիզմի, դեղագործության ոլորտներում: Քննարկվել է նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Այնուհետեւ կառավարության ղեկավարը մասնակցել է Մայնց քաղաքի «Գուտենբերգ» թանգարանում կազմակերպված հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Վարչապետ Սարգսյանը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:
Շնորհակալություն հայտնելով երկրամասի վարչապետին եւ Մայնցի քաղաքապետ Միքաել Էմբլինգին՝ միջոցառմանը մասնակցելու եւ գաղափարի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ հաճույք եւ մեծ պատիվ է մասնակցել այս հիանալի ցուցահանդեսին: Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը եւ այդ նպատակով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայերի պարագայում գրատպությունը շատ ավելին էր, քան միայն վերածնունդի եւ լուսավորության գործիք: Անկախ պետականության բացակայության պայմաններում գիրքն ու տպագիր մամուլը, կրթությունն ու մշակույթն էր, որ հնարավորություն տվեցին մեր ժողովրդին պահպանել իր ինքնությունը:




























