Գոյության 21 տարիներին ԱՊՀ-ն ապացուցել է իր նշանակությունն ու պահանջվածությունը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ ԱՊՀ-ի հիմնադրման 21-ամյակին նվիրված հարցազրույցում ասել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունը։

«Համագործակցության դերն այսօր միանգամայն նշանակալի է եւ այդպիսին կլինի նաեւ վաղը», - նշել է նա։ Գարկունը հիշեցրել է, որ դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ԱՊՀ ղեկավարների հանդիպման ընթացքում բազմակողմ համագործակցության հռչակագիր է ընդունվել, որը ցույց է տալիս ԱՊՀ երկրների փոխշահավետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու եւ Համագործակցության ներուժն ամրապնդելու ձգտումը։

1991թ. դեկտեմբերի 8-ին Բելովեժում ստորագրվել էր ԽՍՀՄ գոյության դադարեցման հայտարարությունը եւ ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը։ Բելովեժի համաձայնագիրը ստորագրել էին Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան։

1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմաթիում նախկին խորհրդային 15 երկրներից 11-ը (բացի Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից եւ Վրաստանից) ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, միացան Անկախ պետությունների համագործակցության համաձայնագրին՝ որպես իրավահավասար անդամներ։

Վրաստանի ԱՊՀ մտնելը ձեւակերպվել էր պետությունների ղեկավարների 1993թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ՝ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի 1993թ. հոկտեմբերի 8-ի դիմումի հիման վրա։ 2008թ. օգոստոսի 12-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր երկիրն ԱՊՀ կազմից հանելու մասին։ 2005թ. օգոստոսին էլ Թուրքմենստանը դուրս էր եկել ԱՊՀ-ի իրական անդամների կազմից եւ ասոցացված դիտորդ անդամի կարգավիճակ ստացել։