Եգիպտական հատուկ ծառայությունները կալանավորել են Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման կազմակերպիչներից մեկին՝ Մուհամադ Ջամալ Աբու Ահմադին։

Աբու Ահմադի՝ եգիպտական «Իսլամական ջիհադի» ղեկավարներից մեկի կալանավորման մասին հայտնում է ամերիկյան Wall Street Journal-ը։ Ահմադին նաեւ Եգիպտոսում «Ալ Քաիդայի» բջիջ հիմնելու աշխատանքների մեջ են կասկածում։

NEWSru Israel-ը հայտնում է, որ Մուհամադ Ջամալ Աբու Ահմադին կասկածում են նաեւ Լիբիայի, Եգիպտոսի եւ Եմենի ահաբեկչությունների կամզակերպման մեջ։ 

Ավելի վաղ եգիպտական հատուկ ծառայությունները հայտնել էին տվյալ հարձակման կազմակերպիչներից մեկին՝ Հազեմ անունով գրոհայինին վերացնելու մասին։

Հիշեցնենք, Բենգազիում 2012թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման արդյունքում զոհվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան  Քրիս Սթիվենսը եւ ամերիկացի երեք այլ դիվանագետներ։ Հարձակման պատճառը ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմն էր, որում խիստ քննադատության էին ենթարկվել մահմեդականությունն ու Մուհամեդ մարգարեն։