Հալեպում համեմատաբար նորմալացել է էլեկտրամատակարարումը, օրվա ընթացքում էլելտրաէներգիա մատակարարվում է: Սակայն հիմնական խնդիրներից մեկը մնում է բնակչությանը հացով ապահովումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
Նրա խոսքով, եթե ինչ-որ մեկին հաջողվում է հաց ձեռք բերել, ապա այն արդեն եռակի թանկ գնով է վաճառվում: «Հացի փռերը չկանոնակարգված են աշխատում` էլեկտրականության մատակարարումների խափանումների պատճառով: Գները ձեւավորվում են կախված նրանից, թե քանի միջնորդի ձեռքում է հայտնվել հացը»:
Անդրադառնալով կրթության հետ կապված իրավիճակին, նա ասաց, որ ներկայումս Հալեպում գործում են միայն այն դպրոցները, որոնք գտնվում են համեմատաբար անվտանգ շրջաններում: «Դա վերաբերում է ոչ միայն հայկական, այլ քաղաքի բոլոր ուսումնական հաստատություննեին»:



























