Վրաստանի ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցները, դեկտեմբերի 5-ին, Թբիլիսիում ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացու՝ մեքենայության փաստով: ՆԳՆ-ն հաղորդում է, որ ձերբակալված են 41-ամյա Վլադիմիր Ս.-ն եւ 37-ամյա Դիանա Ե.-ն:

Գործի նյութերի համաձայն, 2011 թվականի հունվարին Վլադիմիրն ու Դիանան Կատեվան եւ Անատոլյա Սափանիձեներից 600 լարի եւ 5 հազար դոլարի գումար են շորթել: Փոխարենը խաբեբաները խոստացել են ազատ արձակել նրանց դատապարտված որդուն՝ Դավիթ Սափանիձեին: Գումարն ստանալուց հետո Վլադիմիրն ու Դիանան անհետացել են, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Վրաստանի ՆԳՆ տվյալներով, այս մարդկանց որոնում էին նաեւ Հայաստանի իրավապահ մարմինները՝ նմանատիպ հանցագործություն կատարելու համար: Բացի այդ, 2004 թվականին Վլադիմիր Ս.-ն մեքենայության մեղադրանքով արդեն դատապարտվել էր Վրաստանում: