Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին աշխատակից Օլեգ Մելնիկովը, ով դեկտեմբերի 5-ից հետախուզվում է «Ինտերպոլի» միջոցով, դեկտեմբերի 7-ին ձերբակալվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից՝ Կիեւում: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:

ՆԳՆ տեղեկատվությամբ, ներկայումս Մելնիկովը գտնվում է Կիեւի նախնական պահման մեկուսարանում: «Վրաստանում «Ինտերպոլի» ազգային բյուրոն Ուկրաինայի իրավապահ մարմիններին է ուղարկել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Օլեգ Մելնիկովին Վրաստանին արտահանձնելու որոշման համար: Դա տեղի կունենա օրենքով նախատեսված ժամկետներում»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Դաթա Ախալայայի, նրա տեղակալ Սոսո Թոփուրիձեի եւ դեպարտամենտի աշխատակիցներ Օլեգ Մելնիկովի ու Գերոնտիա Ալանիայի նկատմամբ:

Նրանց նկատմամբ հետաքննությունն սկսվել է նոյեմբերի 19-ին՝ ոստիկանության աշխատակցին 2005-ին մարմնական վնասվածքներ հասցնելու գործով: Նրանց նկատմամբ ատարանը դեկտեմբերի 4-ին հեռակա կարգով կալանքի որոշում է կայացրել եւ հետախուզում է հայտարարվել: