2013թ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական ուժերի մի մասը կհրավիրի համագումար` հրապարակելով իր մասնակացության ձեւաչափը, ծրագրերը եւ դիրքորոշումները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի անցկացման վերաբերյալ դեռեւս որոշում չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ այդ մասին առաջիկայում կարվի համապատասխան հայտարարություն:
Հանրապետական եւ «Ժառանգություն» կուսակցությունները համագումար կանեն դեկտեմբերի 15-ին, «Օրինաց երկիրը»` դեկտեմբերի 22-ին: Հայ ազգային կոնգրեսի անդամ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը համագումար է հրավիրել դեկտեմբերի 23-ին, իսկ ՀՀՇ-ն` դեկտեմբերի 22-ին: Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության համագումարը կկայանա դեկտեմբերի 22-ին:
Հայ հեղափոխական դաշնակցությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումը կհայտնի Գերագույն ժողովին, որը կկայանա դեկտեմբերի 20-ի կողմերը, ճշգրիտ օրը հայտնի չէ: «Ազատ դեմոկրատների» համագումարի օրը եւս որոշված չէ, չի բացառվում, որ մինչեւ ընտրությունները չկայանա: Իսկ նախագահական ընտրություններին հնարավոր մասնակցության մասին պարզապես որոշեն կամ հայտարարեն քաղխորհրդի նիստով:
Նշենք, որ ընտրությունները կայանալու են 2013թ. փետրվարի 18-ին:
Ըստ ժամանակացույցի, նախագահի թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել 2012թ. դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013թ. հունվարի 4-ը, ժամը 18:00-ն:
Հունվարի 4-ից 14-ը կատարվելու է թեկնածուների գրանցումը, նախընտրական քարոզարշավը լինելու է հունվարի 21-ից փետրվարի 16-ը: Փետրվարի 17-ին լռության օր է լինելու, իսկ փետրվարի 18-ին ընտրական տեղամասերը կբացվեն առավոտյան ժամը 8-ին, կփակվեն` ժամը 20:00-ին:





























