Այսօր` դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսով տրվեց «Հայաստան-Ինդոնեզիա. 2012» մշակութային միջոցառման մեկնարկը (ֆոտոռեպորտաժ): Մշակութային այս ծրագրի նպատակը հայ հասարակությանը ծանոթացնել է ինդոնեզական մշակույթի հետ` երգի եւ պարի միջոցով: Երկու երկրներն էլ հույս ունեն մշակութային եւ զբոսաշրջային կապեր հաստատել միմյանց հետ:
Իսկ այսօր կայանալիք «Հայաստան-Ինդոնեզիա.2012» համերգին կմասնակցեն «Կորդանա» երիտասարդական երգչախումբն ու Հայաստանի ժողգործիքների համույթը:
«Հայաստանը միշտ էլ ողջունում է այլ երկրների հետ մշակութայն երկխոսությունը, քանի որ դա տնտեսական, զբոսաշրջային եւ քաղաքական հարաբերությունները զարգացնելու հրաշալի միջոց է: Ինդոնեզական մշակույթն այնքան հին եւ վառ է, որքան հայկականը: Գալիք տարի մենք նախատեսում ենք ստորագրել մշակութային երկխոսության մասին պայմանագիր, որի շնորհիվ նախատեսում ենք ակտիվացնել երկու երկրների միջեւ զբոաշրջային կապերը»,-լրագրողներին ասաց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Խոսելով զբոսաշրջության զարգացման հարցում առկա խնդիրների մասին, Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նինիեկ Կուն Նարիատին ավելացրեց, որ դրանցից մեկ վերաբերում է Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ հարմար ավիաչվերթների բացակայությանը:
«Հուսով եմ, որ ճանաչելով մեր մշակույթը, հայերն այն կսիրեն: Անձամբ ինձ համար Հայաստնում իսկական բացահյտում էր հայկական տոլման եւ թարխունով լիմոնադը: Դա այնպիսի հրաշալի ըմպելիք է: Կարծում եմ, Ինդոնեզիայում ժողովրդին այն շատ դուր կգա»,-իր տպավորությունները փոխանցեց դեսպանը:




























