Եգիպտոսում քաղաքական ճգնաժամից ի վեր առաջին անգամ զինվորականները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ: Նրանք հայտարարել են, որ պատասխանատվություն են կրում երկրի քաղաքացիների անվտանգության եւ պետական սեփականության պաշտպանության համար եւ թույլ չեն տա երկրի տարածքում անկարգություններն ու ագրեսիան տարածվեն:

Եգիպտոսի բանակը խոստացել է պաշտպանել պետական կառույցները եւ խաղաղ բնակիչներին: Հայտարարությունում նշվում է, որ զինվորականները զինվորականները մտադիր չեն բռնություն հանդուրժել:

Զինվորականների հայտարարությունը հայտնվել է այն բաից հետո, երբ դեկտեմբերի 7-ին, կրկին անկարգություններ են սկսվել նախագահի պալատի մոտ: Երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդները ճեղքել են նախագահի պալատի շուրջ ձեւավորված ոստիկանական եւ շփալարերից կազմված շղթան եւ ուղղվել դեպի նախագահի նստավայր:

Բանակը Մուրսիի կողմնակիցներին եւ հակառակորդներին երկխոսության կոչ է արել: «Զինված ուժերը ընդգծում են, որ երկխոսությունը լավագույն եւ միակ ուղին է կոնսենսուսի հասնելու համար: Մյուս ճանապարհը մեզ կտանի մութ թունել եւ աղետի կհանգեցնի, իսկ դա մենք թույլ չենք տա»,-նշված է հայտարարությունում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նոյեմբերի վերջին նախագահ Մուրսին նոր Սահմանադրական հռչակագիր է ընդունել, որը զգալի լիազորություններ է տալիս նրան: Դրանից հետո ողջ երկրով մեկ ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել, որոնց ժամանակ բախումներ են տեղի ունեցել Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:

Ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել սահմանադրական հռչակագիրը եւ հետաձգել նոր սահմանադրական հանրաքվեն, որը Մուրսին նշանակել է դեկտեմբերի 15-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուրսին համաձայն է հետաձգել այդ հանրաքվեն, իսկ կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստում՝ անկարգությունները ճնշելու համար բանակի ներգրավման վերաբերյալ:

Բանակը, որը շուրջ մեկ տարի ղեկավարել է երկիրը, Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո, վերջին շրջանում իրեն առանձնապես չի դրսեւորել: