Հայկական ընկերությունները 2012թ. ընթացքում արտոնյալ վարկեր են ներգրավել արտահանման աջակցության արտասահմանյան գործակալություններից: Երկու ամիս առաջ իր համաձայնագրի մասին հայտարարեց «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ընկերությունը` 90-100 մլն ներգրավելու վերաբերյալ: Ընկերությունը, որ պատրաստվում է ջերմոցային տնտեսությունների քլաստեր ձեւավորել, պատրաստվում է ջերմոցային սարքավորումներ ձեռք բերել ֆրանսիական «Richel Group»-ից` միջազգային առեւտրի ապահովագրման ֆրանսիական գործակալության (COFACE) վարկավորմամբ` տարեկան 5% տոկոսադրույքով` որպես աջակցություն ֆրանսիական արտահանմանը:
Նմանատիպ երկու վարկ է նախատեսում ներգրավել «Սպայկա» ընկերությունը: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, ընկերությունը պատրաստվումէ «Volvo» մակնիշի 30 բեռնատար մեքենա ձեռք բերել` մրգերի եւ բանջարեղենի տեղափոխման համար: Նախագիծն արտոնյալ պայամաններով կֆինանսավորվի: «Տեղական բանկերի համամետ` արտասահմանյան բանկերը նման տիպի վարկավորումը կատարում են բավականին մատչելի պայմաններով»,-ասաց Կ. Բաղդասարյանը: Ներկայումս ընկերությունն ունի 120 բեռնատար, եւ պատրաստվում է նրանց թիվը տարեկան ավելացնել 50-ով:
Եւս մեկ վարկ ընկերությունը ներգրավել է նոր գործարանի կառուցման համար, որին մենք արդեն անդրադարձել ենք: Արտոնյալ վարկը ընկերությունն ստացել է իտալական SACE պետական ընկերությունից` իտալական սարքավորման ձեռքբերման համար:
Արտոնյալ պայմաններ շուտով կլինեն նաեւ գյուղատնտեսական ոլորտում: Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորմանը լավ ծանոթ աղբյուրը NEWS.am-ին հայտնեց, որ ռուսական պետական «Ռոսագրոլիզինգ» ընկերությունը պատրաստվում է Հայաստանին լիզինգային արտադրանք առաջարկել տեղական շուկայի համար բավականին մատչելի` սկսած 4% տոկոսադրույքով (Հայաստանում լիզինգի տոկոսադրույքներն առնվազն եռակի ավելի են): Այդուհանդերձ, ընկերությունը Հայաստանում կգործի միայն միջպետական համաձայնագրի հիման վրա, որի ստորագրման հարցը դեռեւս բաց է:
Տեղական լիզինգային ընկերությունները սպասո՞ւմ են նման մրցակցի. հարցը հռետորական է: Կցանկանա՞ն բանկերը մրցակցել իտալացիների եւ շվեդների հետ. սա էլ ցավոտ հարց է:



























