ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները խախտելու մեջ` Ռոսսելխոզնադզորի կողմից ամերիկյան մսի համար դրանում ռակտոպամինի բացակայությունը հաստատող պարտադիր սերտիֆիկատ պահանջելու համար, տեղեկացնում է  Reuters-ը:

Դեկտեմբերի 8-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոն Քիրկը եւ գյուղնախարար Թոմ Ուիլսակը` Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով դադարեցնել սերտիֆիկացման նոր միջոցառումները եւ թույլ տալ ամերիկյան մսի ներմուծումը Ռուսաստան: Նրանք հիշեցրել են, որ ԱՀԿ-ին անդամակցելիս Ռուսաստանը երաշխիքներ է տվել` կազմակերպության նորմերը պահպանելու եւ սննդամթերքի ոլորտում միջազգային չափանիշներն օգտագործելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 7-ին Ռոսսելնադզորը հայտարարել էր, որ այսուհետ ռուսական շուկա մուտք գործող մսի համար ռակտոպամինի բացակայությունը հաստատող սերտիֆիկատ է պահանջվելու:

Ռակտոպամինն օգտագործվում է  անասունների բուծման ժամանակ` նրանց միսը ճարպոտ չդարձնելու համար:  Մի շարք երկրներ այն վնասակար են համարում, սակայն ԱՄՆ-ում դրա օգտագործման համար սահմանափակում չկա եւ սերտիֆիկատ եւս չի տրվում:

Ռոսսելխոզնադզորն էլ իր հերթին պատասխանել է, որ ռուսական շուկա  ռակտոպամինով մսի անթույլատրելության մասին հայտարարվել է դեռ մեկ տարի առաջ եւ այդ մասին ժամանակին իրազեկել են ԱՄՆ, Կանադայի եւ Մեքսիկայի համապատասխան ծառայություններին:

Ռուսաստանը ԱՄՆ-ից մսի ներմուծման ցուցանիշով վեցերորդ տեղն  զբաղեցնում` տարեկան կես մլրդ դոլար ծավալով: