«Յամալ-402» կապի տիեզերական արբանյակը, որը դեկտեմբերի 8-ին արձակվել էր Բայկոնուր տիեզերակայանից, «Բրիզ Մ»  բլոկից առանձնացել է նախատեսված ժամանակից չորս րոպե առաջ: Անջատվող բլոկը ինը րոպեի փոխարեն աշխատել էր հինգ րոպե եւ չէր կարողացել  արբանյակը հանել    ուղեծիր, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Արբանյակը փրկելու համար ռուս մասնագետները որոշել են այն ուղեծիր ուղարկել չորս փուլով: Այսօր գիշեր Երկրից առաջին անգամ գործարկվել են արբանյակի շարժիչները, հայտնում է vesti.ru-ն: Այժմ արբանյակի բոլոր համակարգերը նորմալ են աշխատում, եւ Երկրում ակնկալում են այն հասցնել նշանաված վայր:  «Յամալ» սարքը  պետք է ապահովի ազդանշանների հեռարձակումը Ռուսաստան եւ Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա:

Հեռուստաալիքը նշում է, որ այս տարվա օգոստոսի դրությամբ «Բրիզ-Մ»-ի անջատվող բլոկները դարձել են վերջին հինգ տարիների ընթացքում  «Պրոտոն» հրթիռակրի վթարների պատճառը: 2008թ.-ից իրականացվել է 48 մեկնարկ, որոնցից չորսը վթարի են ենթարկվել հենց «Բրիզ-Մ» բլոկների պատճառով: