RT (Russia Today)-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր հեռուստաալիքը մեղավոր չէ համացանցում տարածված հինգրոպեանեց հոլովակի համար, որտեղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ոչ պաշտոնական մթնոլորտում շփվում է լրագրողների հետ եւ քննիչներին «սրիկա» անվանում:

Սիմոնյանը «Կոմերսանտին» պատմել է, որ RT-ն նյութը հեռարձակել է միայն YouTube-ի իր ալիքով՝ «Այն տեսքով, ինչպես եղել է»:

Հարցազրույցի պաշտոնական մասի ավարտից հետո, հավելել է նա, իր ենթակաները փորձել են ընդհատել եթերը, սակայն դա ժամանակին անել չի հաջողվել: Արդյունքում RT-ի աշխատակիցները երկու ժամից ավելի չեն կարողացել խմբագրել հրապարակված տեսանյութը, գրում է KM.RU-ն:

 «Երկուշաբթի YouTube-ին կխնդրենք բացատրել՝ ինչ խնդիր էր: Նման բան, որքան հիշում եմ, առաջին անգամ էր պատահում», – ասել է Սիմոնյանը եւ ընդգծել, թե չգիտի՝ ինչու հեռարձակումը չի դադարեցրել դրա կազմակերպիչը՝ կենտրոնական ալիքներից մեկը: Սիմոնյանը չի հստակեցրել, թե հատկապես ում նկատի ունի:  «Մենք, անշուշտ, ցավում ենք, որ հանրության համար չնախատեսված հատվածը հրապարակվել է»,- հավելել է գլխավոր խմբագիրը: