Քաղաքացիները իրենց իրավունքների խախտման մասին գերադասում են չհայտնել իրավապահներին։ Այս մասին դեկտեմբերի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Ըստ նրա՝ անձամբ իր կողմից արձանագրված մարդու աշխատանքային, ընտրական եւ նույնիսկ հիմնական իրավունքների եւ ազատության խախտումների ժամանակ տուժածները գերադասում են չբողոքել։
«Շատ աշխատավորներ զրկված են աշխատանքային պայմանագրից, ստիպված են աշխատել արտաժամյա, նրանց աշխատանքային օրը գերազանցում է օրինականին։ Բայց նրանք մեզ չեն դիմում՝ վախենալով կորցնել աշխատանքը, ծանր եւ քիչ վարձատրվող, բայց եւ այնպես աշխատանքը։ Ես հասկանում են նրանց, դրա համար դժվար է նրանց մեղադրել»,- ասել է Իշխանյանը։
Նրա խոսքով, գրանցվել են նաեւ ընտրական իրավունքի ոտնահարումներ։ «Ես ինքս եմ տեսել, թե ինչպես Գյումրիում մի քանի ընտանիքների նստեցրին «Գազել» եւ տարան ընտրական տեղամաս։ Եւ նրանցից ոչ ոք չբողոքեց, որ իրեն ստիպել են քվեարկել փողի դիմաց»,- նշել է իրավապաշտպանը։





























