Հայաստանի դատարանները շարունակում են մնալ քաղաքացիների համար առավել անվստահելի ատյաններ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Այսինքն ատյանը, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները», - նկատել է մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ նրա` երկրորդ տեղում է սոցիալ-տնտեսական հարցերի բլոկը: «Աղքատության շատ բարձր մակարդակը նպաստում է պետմարմինների նկատմամբ անվստահության արմատացմանը», - պարզաբանել է Կարեն Անդրեասյանը:
Երրորդ տեղում է ընտրությունների անցկացման գործընթացը: Մարդու իրավունքների պաշտպանը նկատել է, որ թեպետ ընթացիկ տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններին բռնության դեպքեր եւ ակնհայտ կոպիտ խախտումներ ձայների հաշվարկման ժամանակ չեն գրանցվել, այնուամենայնիվ, գործընթացի նկատմամբ վստահություն ընդհանուր առմամբ չկա: Առաջին հերթին դրանում մեղավոր են ԿԸՀ-ն, Ոստիկանությունը եւ Դատախազությունը, որոնք ձեւական մոտեցում են ցուցաբերում, կարծում է Կարեն Անդրեասյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























