Օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի կողմից Թուրքիայի մարդու իրավունքների գլխավոր պաշտպան ընտրված Նիհաթ Օմերօղլուն, ով ժամանակին եղել է Հրանտ Դինքի դատավճիռը հաստատած վճռաբեկի 18 տխրահռչակ դատավորների թվին, պնդում է, թե ինքը չի ասում, թե Դինքին դատապարտելը ճիշտ էր:
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ` Թուրքիայի մարդու իրավունքների գլխավոր պաշտպան ընտրված Նիհաթ Օմերօղլուն պնդել է, թե ինքը հաստատել է Դինքի դատավճիռը, քանի որ այն ժամանակ օրենքն էր այդպես պահանջում:
«Օրենքը փոխվեց 2008-ին: Ես չեմ ասում, թե ճիշտ եմ արել, որ հաստատել եմ Հրանտ Դինքի դատավճիռը, բայց այդ ժամանակ օրենքն այդ էր պահանջում»,-նշել է նա:
Նշենք, որ Դինքի դատավճիռը հաստատած դատավորի ընտրվելը Մարդու իրավունքների գլխավոր պաշտպանի պաշտոնում, թուրք առաջադեմ հասարակության մեջ խիստ արձագանք է գտել:
Խորհրդարանում նրա երդմնակալությունն անցել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունների պատգամավորների բողոքի գործողությունների ներքո:



























