Սիրիայի վարչապետ Վայիլ Ալ Խալքին կառավարության նիստում հայտարարել է Հալեպ նահանգի բնակիչների կարիքները հոգալու անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, որոնք ենթարկվում են ավազակային խմբավորումների հարձակումներին: Նիստում ընդգծվել է Հալեպում էլեկտրակայանի շուտափույթ վերականգնման եւ այն վառելիքով ապահովելու անհրաժեշտությունը, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը: Կառավարության անդամները նաեւ քննարկել են երկրի բարձրագույն եւ միջնակարգ կրթական հաստատությունների վիճակը եւ ուսումնական գործընթացին խոչընդոտող դժվարությունների հաղթահարման միջոցները:
Այդ ընթացքում Հալեպ քաղաքի Բուստան Ալ Բաշա թաղամասում բանակային ստորաբաժանումներից մեկը հատուկ գործողություն է իրականացրել գրոհայինների դեմ: «Ջեբհաթ Ան Նուսրայի» 29 գրոհային ոչնչացվել է: Ալ Լերմոն թաղամասում բանակային ստորաբաժանումը ոչնչացրել է 20 գրոհայինի: Ալ Բաքարա թաղամասը ամբողջովին ազատագրվել է ահաբեկչական խմբավորումներից:
Ավելի վաղ Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ քաղաքում էլեկտրամատակարարումը համեմատաբար կարգավորվել է: Սակայն գլխավոր խնդիրներից է բնակչությանը հացով ապահովելը. հացի փռերն աշխատում են ընդհատումներով:





























