Տարեսկզբից ի վեր խախտված իրավունքների վերականգնման համար 5600 քաղաքացի է դիմել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այդ մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնել է այսօր՝ դեկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում:
Դիմած քաղաքացիների մի մասին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: 2290 հայտերին ընթացք է տրվել, ընդ որում՝ 820-ի դեպքում բողոքները միանգամայն հիմնավոր են եղել: Բողոքների մեծամասնությունը ոստիկանությանն է հասցեագրված եղել` 167, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն`97, արդարադատության նախարարություն` 91, պաշտպանության նախարարություն` 68, Երեւանի քաղաքապետարան` 52:
Ընդունելով բողոքների մեծ մասը` որոշ պետմարմիններ, այնուամենայնիվ, որոշ դեպքերում չեն համաձայնել եւ հրաժարվել են վերականգնել քաղաքացիների խախտված իրավունքները: Նման դեպքերում օրենքով ամրագրված է, որ մարդու իրավունքների պաշտպանը խախտումների մասին որոշում է կայացնում: Տարեսկզբից նման դեպքերի թիվը 27 է. դատախազություն` վեց, պաշտպանության նախարարություն` վեց, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` չորս, արդարադատության նախարարություն` երեք, Երեւանի քաղաքապետարան` երկու, ոստիկանություն` երկու, կրթության եւ գիտության նախարարություն` մեկ, ԱԳՆ` մեկ, պետծախսերի կոմիտե` մեկ, պետգույքի կառավարում` մեկ: Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպանի որոշումները պարտադրող բնույթի չեն:
Թե ինչ նկատառումներով են առաջնորդվում պետական մարմինները, հրաժարվելով վերականգնել քաղաքացիերի ակնհայտ խախտված իրավունքները՝ձեռնարկատիրական, կոռուպցիոն, քաղաքական շահերից ելնելով, պաշտպանելով հովանավորյալներին կամ էլ այլ պատճառներով, Կարեն Անդրեասյանը թողել է նրանց խղճին:




























