Մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանը բնավ համաձայն չէ շտապողականության մասին մեղադրանքներին: Ոստիկանության կշտամբանքների վերաբերյալ իր տեսակետը նա հայտնել է այսօր՝ դեկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նշենք, որ փոխադարձ կշտամբանքների առիթը ոստիկանական բաժանմունքում հերթական միջադեպն ու ձերբակալվածի նկատմամբ ենթադրյալ բռնությունն էր: Ոստիկանությունում մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները շտապողական էին համարել:

Ընդգծելով, որ մարդուն պետք է հավատալ, եթե հակառակի հիմքերը չկան, մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ երբ իրեն դիմում են կապտուկներով քաղաքացիներ, ինքը պետք է անմիջապես արձագանքի: Առավել եւս, որ պետական մարմնի, տվյալ դեպքում՝ Ոստիկանության ներկայացուցիչները բացահայտ ստում են տարբեր մանրամասների վերաբերյալ: «Մենք հավատում ենք քաղաքացուն եւ  միաժամանակ ճշտում Ոստիկանությունից: Սակայն երբ մեզ ստում են, մենք չենք կարող լռել: Այնպես, ինչպես չենք կարող լուռ սպասել այս կամ այն պաշտոնյայի որոշմանը, մինչեւ որ այդ ընթացքում կապտուկներն անցնեն կամ էլի որեւէ մեկին ծեծեն», - հավելել է Կարեն Անդրեասյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am