Իտալական Պիզայի օդանավակայանում ուղեւորը դուրս է թռել ինքնաթիռից, որը արդեն պատրաստվում էր օդ բարձրանալ։ Տղամարդը կարողացել է բացել ինքնաթիռի դուռը, ցատկել թեւի վրա, իսկ այդտեղից՝ գետնին։
Սրահը նման տարօրինակ ձեւով լքած ուղեւորը լուրջ վնասվածքներ չի ստացել։ Պատահարի հետաքննությունը վարում է օդանավակայանի անվտանգության ծառայությունը։ Արդեն պարզվել է, որ տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ, հաղորդում է «Վեստի.ռու»-ն։
Այդ պատահարից հետո ինքնաթռը թռիչքը կատարել է նախատեսվածից կես ժամ ուշ։
«Վզգլյադ» թերթը ներկայացրել է մի շարք նմանատիպ պատահարներ՝ ԱՄՆ-ում մարտին դատարանը դատապարտել է տղամարդուն 10 ամիս ազատազրկման՝ ինքնաթիռից ցատկելու փորձի համար։ Բարեբախտաբար, ուղեկցորդուհու եւ մի քանի ուղեւորների միջամտության շնորհիվ, նրան չհաջողվեց բացել դուռը։
Նման պատահար, ոչ այդքան երջանիկ ավարտով, եղել է 2009 թվականին Կանադայում, երբ գտնվելով գերլարված վիճակում՝ ուղեւորը ցատկել է բժշկական ինքնաթիռի խցիկից։ Պատահարի ժամանակ ինքնաթիռը գտնվում էր մոտ 7 հազար մետր բարձրության վրա՝ նշանակված օդանավակայանից 180կմ. հեռավորության վրա։


























