Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ողջունելով ՀՀ կառավարության ղեկավարին՝ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է եւ կարեւորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տ.Սարգսյանն ու Ա.Վիյարագոսան քննարկել են նաեւ համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե պաշտոնական հանդիպմանը հետեւել է ընդունելություն ի պատիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Լոս Անջելեսի քաղաքապետի անունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Զոն Հեֆերնը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմի պաշտոնատար անձիք:
Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ ՀՅԴ եւ քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել եւ ներկայացնել, թե մենք ինչպես ենք մտածում մեր ապագայի մասին: Մենք ունենք տասնյակ չլուծված խնդիրներ, որոնք դրսից ավելի լավ են երեւում, քան ներսից, բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ խնդիրները կարեւոր չեն եւ լուծման կարիք չունեն: Միեւնույն ժամանակ ժողովուրդը շատ խստապահանջ է եւ մայր հայրենիքից պահանջում է, որ այդ խնդիրները լուծվեն հնարավորինս շուտ եւ արագ: Մի կողմից իշխանության համար դժվար է, որովհետեւ ճնշումը շատ մեծ է, բայց մյուս կողմից՝ ես ուրախ եմ, որովհետեւ այդ դժգոհությունը, քննադատությունը նշանակում է, որ մենք ունենք շատ մեծ ներուժ, գնալու ենք այդ փոփոխությունների ճանապարհով եւ հասնելու ենք հաջողության»:
Ընդունելության ժամանակ ՀՅԴ եւ քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած աշխատանքները, բարեփոխումները, ծրագրված անելիքներն ու տեսլականը:
Այնուհետեւ Տիգրան Սարգասյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին առողջապահությանը, սոցիալական ոլորտին, կոռուպցիային, Արցախի բանակցային գործընթացին, սիրիահայությանը եւ այլն:




























