Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ոչ մի տեղեկություն չունի իր թիմում աշխատող «աղանդավորների» վերաբերյալ: Համապատասխան հարց նրան ուղղվել է դեկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում: Ի պատասխան մարդու իրավունքների պաշտպանն առաջին հերթին հիշեցրել է հանդուրժող լինելու անհրաժեշտության մասին, ինչպես որ պահանջում է քրիստոնեությունը: «Սիրել, համբերատար լինել նրանց հանդեպ, ովքեր տարբերվում են մեզնից: Միաժամանակ թույլ չտալ օգտագործել մեզ, թույլ չտալ կեղտոտ միջոցներ կիրառել», - ընդգծել է Անդրեասյանը:
Ըստ մարդու իրավունքների պաշտպանի` իր աշխատակազմում մարդիկ առաջին հերթին առաջնորդվում են երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով: «Իսկ եթե պարոն Ամարյանը («Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ ղեկավար) որեւէ ապացույց ունի բարձրացված հարցի վերաբերյալ, ես պատրաստ եմ դա քննարկել», - վստահեցրել է Կարեն Անդրեասյանը: Ընդ որում, նա նշել է, որ աշխատանքի ընդունելիս չի ստուգում դիմողի կողմնորոշումը կամ կրոնական համոզմունքները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























