Նախագահական ընտրություններից առաջ բնակչության շրջանում ակտիվություն չի նկատվում, քանի որ այդ ակտիվությունը պետք է ընդդիմությունը ստեղծեր, որը կորցրել է ժողովրդի վստահությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությունն իր հերթին իշխող կուսակցությանն է մեղադրում հասարակության պասիվության համար, քանի որ ժողովուրդն արդեն չի հավատում արդար ընտրությունների անցկացմանը, պատգամավորը նշել է. «Ես այդպես չեմ կարծում: Մենք բոլորս հիշում ենք ընդդիմության կազմակերպած ցույցերը, մեզնից ոչ մեկը հիշողության կորստով չի տառապում: Եւ կարող ենք հիշել, թե որքան մարդ էր հավաքվել Ազատության հրապարակում: Այժմ նա նման հնարավորություն չունի»:

Հավելելով, որ ժամանակին ընդդիմությունը զանգվածաբար մարդկանց բերում էր ցույցերի, իշխող կուսակցության ներկայացուցիչն ասել է.  «Եթե մինչեւ խորհրդարանական ընտրությունները երկու տարի առաջ անձնական զրույցներում մենք կարծում էինք, որ Հայ ազգային կոնգրեսը կհավաքի  20 - 25% ձայն, ապա մայիսյան ընտրությունները ցույց տվեցին, որ  այդ ուժը հավաքել էր 7%  եւ նույնիսկ չէր էլ բողոքարկել արդյունքները: Հետեւաբար,  դա նրանց համար սպասելի արդյունք էր»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am