2011թ. դեկտեմբերի 10-ի բողոքի ցույցում առաջին անգամ նկատվել էր նախկինում ապաքաղաքական հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը: Այդ օրն աղջիկը բաց գույնի մուշտակով համեստ կանգնած էր ամբոխում, բայց երկու շաբաթ անց Սախարովի պողոտայում արդեն բեմահարթակից ելույթ էր ունենում:
Մեկ տարի անց Անատոլի Սոբչակի դուստրն արդեն եթե ոչ առաջնորդ, ապա ընդդիմության առնվազն վառ դեմքերից է: Միաժամանակ շարունակում է Պուտինին իր ընտանիքի բարեկամն անվանել:
Միաժամանակ նա անհետացել է դաշնային հեռուստատեսությունից, իսկ նրա մայրը` Դաշնային խորհրդից: Լրագրողները նաեւ պարզել են, որ մեկ տարի անց Սոբչակը կապերը խզել է Յաշինի հետ, գրում է NEWSru.com-ը:
Ընդդիմադրի հետ ընկերությունը Սոբչակի վրա թանկ է նստել. եթե դաշնային եթերից նրան կարողացել են հեռացնել իր իսկ մեղքով, ապա իրավապահների գործողությունները տեղի են ունեցել Յաշինի պատճառով: Խոշոր գումարի առգրավումը նույնպես:
Բարեբախտաբար, Սոբչակը պահպանել է արդար վաստակածը: Օրինակ, նա ուներ «Եվրոսետի» 0,1 տոկոսանոց բաժնետոմսերի փաթեթ եւ այն վաճառելով հարստացել է 2,3 միլիոն դոլարով, գրում է «rbc daily»-ն: Ժամանակին նա դրանք գնել էր մեկ միլիոնով:





























