Բաքվի կենտրոնական Շատրվանների հապարակում բողոքի ցույց անցկացնելու փորձի համար տասնյակ ընդդիմադիրներ են ձերբակալվել: Ցուցարարներին ցրելու գործողությանը մասնակցում են հարյուրավոր ոստիկաններ:

Ըստ Turan գործակալության` ոստիկանները բռնում են ընդդիմադիրներին, որոնք գոչում են` «Ազատություն», «Հրաժարական»: Այնուամենայնիվ,  ընդդիմադիրների նոր փոքր խմբերը փորձում են խմբվել հրապարակում, սակայն նրանց անմիջապես  ձերբակալում են ոստիկանները:

Հանրային պալատի կողմից կազմակերպված ցույցը նշանակված էր ժամը 14.00-ին եւ նվիրված էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

Contact.az-ը հայտնում է, որ մի քանի մարդ է ձերբակալվել նաեւ Սումգայիթում: Մասնավորապես, ձերբակալվել են «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության չորս անդամներ` տեղական առաջնորդ Ֆահրադին Աբասի գլխավորությամբ: Այդ ձերբակալություններով իշխանությունները փորձում են   սահմանափակել Բաքվում ցույցի մասնակիցների թիվը եւ թույլ չտալ  մարզերից մեկնել Բաքու: