Կիեւի դատարանը 40 օրով կալանավորվել է Վրաստանի ՆԳՆ-ի բարձրաստիճան նախկին պաշտոնյա Օլեգ Մելնիկովին, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ին:
Ուկրաինայի ոստիկանության տվյալներով՝ նշված ժամկետում կորշվի նրան հայրենիք արտահանձնելու հարցը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին աշխատակից Օլեգ Մելնիկովը, ով 2012թ. դեկտեմբերի 5-ից հետախուզվում է «Ինտերպոլով», դեկտեմբերի 7-ին Կիեւում ձերբակալվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից:
Վրաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում էր հայտարարել Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Դաթո Ախալայայի, նրա տեղակալ Սոսո Թոփուրիձեի եւ դեպարտամենտի աշխատակիցներ Օլեգ Մելնիկովի եւ Գերոնտի Ալանիայի նկատմամբ:
Նրանց նկատմամբ քննությունն սկսվել էր 2012թ. նոյեմբերի 19-ին՝ ոստիկանության աշխատակցին 2005թ.-ին մարմնական վնասվածքներ հասցնելու գործով: Նրանց նկատմամբ դեկտեմբերի 4-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով կալանքի որոշում էր կայացրել, եւ հետախուզում էր հայտարարվել: Դատական նիստի ժամանակ վերը նշված անձանցից ոչ ոք Վրաստանում չէր եղել` Օլեգ Մելնիկովը երկիրը լքել էր 2010թ. դեկտեմբերի 2-ին, Գերոնտի Ալանիան` 2012թ. հոկտեմբերի 22-ին, իսկ Դաթո Ախալայան եւ Սոսո Թոփուրիձեն` 2012թ. հոկտեմբերի 5-ին: Նրանց գործով նախնական լսումները նշանակվել են 2013թ. հունվարի 16-ին:





























