Դեկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդիին, Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության  ղեկավար Մոհամմեդ Ս. Մ. Աբուգեյթին, «Քուվեյթ Նյուզ» գործակալության գլխավոր խմբագիր Համեդ ալ-Ամիրիին:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե սփյուռքի նախարարի հետ նոյեմբերի 29-ին կայացած հանդիպման ընթացքում դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին նախարարին տեղեկացրել էր, որ իր՝ Քուվեյթ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գտնվող սիրիահայերին 100.000 ԱՄՆ դոլարի սահմաններում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Նախարար Հ. Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրները եւ աջակցության ծրագրերն իրականացնելու այն անհրաժեշտ ուղղությունները, որոնց առանձնահատուկ ուշադրություն եւ առաջնահերթություն պետք է հատկացնել: Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանում գտնվող սիրիահայերի համար շարունակում են առաջնահերթ մնալ բնակարան, աշխատանք եւ կայուն եկամուտ ունենալու խնդիրը: Սիրիահայերը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հիմնել են իրենց հասարակական կազմակերպութույնը` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը», որի աշխատանքների շրջանակում բացահայտվում եւ գնահատվում են սիրիահայերի կարիքներն ու առաջնահերթ հիմնախնդիրները, ապա դրանք ներկայացվում են տարբեր  բարեգործական կազմակերպությունների, որի արդյունքում որոշակիորեն լուծվում են նրանց հագուստի, պարենային մթերքների ձեռքբերման հարցերը:

Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության  ղեկավար Մուհամեդ Ս. Մ. Աբուգեյթին տեղեկացրեց, որ իրենք ցանկություն ունեն տեղում` ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ, ուսումնասիրել իրավիճակը, որոշել սիրիահայերին տրվող օժանդակության ձեւն ու չափը:

Նախարար Հ. Հակոբյանը խորհուրդ տվեց Հայաստանում գտնվող սիրիահայերի համար իրականացնել երկարաժամկետ եւ մնայուն ծրագրեր՝ նկատի ունենալով բնակարանների անհրաժեշտությունը: Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության  ղեկավար Մուհամեդ Ս. Մ. Աբուգեյթը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել նախարարի կողմից արված առաջարկները՝ միաժամանակ նշելով, որ իրենք, այնուամենայնիվ, ցանկություն ունեն հատկապես երեխաներին  ապահովել տաք հագուստով, դեղորայքով եւ պարենային մթերքներով:

Հանդիպման ավարտին  որոշվեց նպատակակետ ընդունել 200 առավել կարիքավոր ընտանիքներին առաջին անհրաժեշտության պարենամթերքով, տաք հագուստով կամ ծածկոցներով ապահովումը: Սփյուռքի նախարարության օգնությամբ նրանք տեղում կուսումնասիրեն եւ կծանոթանան իրավիճակին, այնուհետեւ անհրաժեշտության դեպքում  նոր մոտեցումներ կորդեգրեն: