Թուրքիայի ծայրահեղ ազգայնական Yeniçağ պարբերականն անդրադարձել է օրեր առաջ Ստամբուլում Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ ստորագրված համաձայնագրերից մեկին, ըստ որի, թուրքական կողմը պարտավորվում է վերենորոգել 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Սան Ստեֆանոյում (Յեշիլքյոյ) կառուցված եւ 1914-ին ավերված ռուսական եկեղեցի-հուշարձանը։

Ըստ Yeniçağ պարբերականի՝ օսմանյան պատմության ամենածանր պարտությունից հետո ռուսների հաղթանակը խորհրդանշող «ամոթի» հուշարձանի վերանորոգումն անթույլատրելի է։ Բացի այդ, նշվում է նաեւ հուշարձանի կանգնեցման պատմությունը. «1893-ին բանակցությունների արդյունքում Օսմանյան կայսրությունը համձայնվեց, որպեսզի ռուսները հուշարձան կանգնեցնեն Ստամբուլում՝ Սան Ստեֆանոյում։ Ինչքան էլ ռուսները նշում էին, թե հուշարձանը զոհվածների հիշատակին է, այնուամենայնիվ, նրանք ցանկանում էին հաղթանակի հուշարձան տեղադրել։

Բանակցությունների վերջում Աբդուլ Համիդը թույլատրեց մի պարզ կառույց ստեղծել։ Ռուսները հուշարձանը կառուցեցին 3 տարում եւ 1898-ի դեկտեմբերի 18-ին ռուս ցարի զարմիկի, Հունաց պատրիարքի եւ օսմանցի պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ հուշարձանի բացումը։ 1914-ին, երբ Օսմանյան կայսրությունը մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ եւ Ռուսաստանին պատերազմ հայտարարեց, հարմար առիթ եղավ եւ հուշարձանը ավերվեց»,-գրում է թուրքական պարբերականը՝ հիշեցնելով, որ փոխադարձաբար Ռուսաստանում էլ կվերանորոգվեն թուրք զինվորների գերեզմանոցը։