Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործումը: Այս մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տարածված հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշվում է, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ «ինտենսիվ բանակցություններ» են ընթացել Գաբալայի ՌԼԿ-ի հարցով, որի ժամանակ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ռուսական կողմի հետ՝ Մոսկվայի կողմից կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով: «Սակայն բանակցությունները ընթացքում կողմերին չի հաջողվել համաձայնության գալ տվյալ կայանի վարձակալության արժեքի հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», ռուսական կողմը դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմին նոտա է ներկայացրել կայանի շահագործման դադարեցման մասին, վկայակոչելով, որ նախօրեին ուժը կորցրել է «Գաբալայի ՌԼԿ-ի օգտագործման կարգավիճակի, սկզբունքների եւ պայմանների մասին ՌԴ-ի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ համաձայնագիրը»:
Նշենք, որ Գաբալայի ՌԼԿ-ն ԽՍՀՄ-ի հակահրթիռային շատպանության համակարգի կարեւորագույն տարրերից է եղել: Ադրբեջանի անկախանալուց հետո կայանն անցել է այդ երկրի տիրապետության տակ եւ 2002 թվականին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանի շահագործման պայմանագիր է ստորագրվել, որի գործողությունն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 24-ին:





























