Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ոստիկանությունը ստիպված է եղել փրկել Միլդյուրա քաղաք ուղեւորվող մի քանի վարորդների, ովքեր վստահել էին Apple-ի քարտեզին. այն հայտնվել էր iOS օպերացիոն համակարգի նոր՝ 6-րդ տարբերակի հետ միասին: Արդյունքում վարորդները ժամեր շարունակ շրջել են անապատով եւ նրանց մոտ վերջանում էր սնունդն ու ջուրը:
Ինչպես գրում է CNews.ru-ն, եթե հավատանք Apple Maps-ի հավելվածին, Միլդյուրա քաղաքը գտնվում է Մյուրեյ Սանսեթ ազգային պարկի մեջտեղում, այնինչ իրականում այդ քաղաքը այդ կետից 70 կմ հեռու է գտնվում:
Ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տալիս օգտվել այլընտրանքային նավիգացիոն հավելվածներից, մինչեւ խնդիրը լուծվի: Համապատասխան ծանուցումն արդեն ուղարկվել է Apple-ն:
Հիշեցնենք, որ Apple-ի շարժական սարքերի համար նախատեսված iOS օպերացիոն համակարգի նախկին տարբերակներում կիրառվում էին Google-ի քարտեզները, սակայն այս տարվա հունիսին ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է դրանից՝ հօգուտ սեփական մշակման քատեզների, որը հիմնվում է նիդերլանդական TomTom ընկերության տվյալների վրա:
Այդուհանդեձ, Apple-ի քարտեզներում որոշակի անճշտություններ են ի հայտ եկել:




























