Ոսկու արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող «Վաղարշ եւ որդիներ» ընկերությունում հայտնաբեվել են խախտումներ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը:

Նրա խոսքով՝ ոսկու շուկայի վերահսկողությունը նոր գործառույթ է իրենց տեսչության համար, ու առաջինը ստուգումներ են իրականացրել  «Վաղարշ եւ որդիներ» ընկերությունում: Ներկայում ստուգումներ են ընթանում Երեւանի առաջին ոսկերչական գործարանում:

«Վաղարշ եւ որդիներ» ընկերությունում ստուգվել են 4 սեղաններ: Հայտնաբերվել են առանց տարբերանիշի եւ մակնշման 146 կտոր ոսկի, առանց ստուգաչափման 4 կշեռք: Ընկերությունը տուգանվել է 8 մլն դրամով:

Ըստ Լ. Խալիկյանի պարզաբանման՝ յուրաքանչյուր ոսկերչական իր պետք է ունենա 2 կնիք՝ հարգորոշման մասին նշումով եւ հարգորոշողի տարբերանիշով: Խախտումները հիմնականում վերաբերում են երկրորդ մասին, իսկ հարգորոշման սխալ տվյալներ չեն հայտնաբերվել: 

Լ. Խալիկյանը նշեց, որ հանրապետությունում առկա են ոսկերչությամբ զբաղվող 2000 անհատ ձեռներեցներ, ու նրանց բոլորին էլ փորձելու են ստուգել: