Ղրիմի ադրբեջանական համայնքը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ֆյոդոր Նեգոյին, ով վիրավորել է ադրբեջանցիներին ու վրացիներին:

Նրա հայտարարությունը հնչել է դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսում: «Տեսեք, որ մեր շուկաներում առեւտուր են անում ադրբեջանցիներն ու վրացիները. դա մեր պետության քաղցկեղային ուռուցքն է: Ռուսաստանը նրանց վռնդել է եւ նրանք տեղավորվել են Ուկրաինայում»,-հայտարարել է պատգամավորը, գրում է «Խերսոնյան լուրեր» պարբերականը:

Vesti.az-ի փոխանցմամբ, այդ արտահայտությունը վրդովմունք է առաջացրել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատանը: Դիվանագիտական ներկայացուցչությունը «պատգամավորի վարքը դատապարտող դիմում է պատրաստում՝ ուղղված երկրի տարբեր ատյաններին»: Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսում խոստացել են խիստ արձագանքել վիրավորանքին, նշելով, որ պատգամավորի կողմից նման արտահայտություններն անթույլատրելի են:

Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսը մտադիր է պատգամավորից ճշտել, թե ինչն է նրան դրդել նման այլատյաց հայտարարություն անել, ինչպես նաեւ պահանջել հանդես գալ հրապարակային հերքմամբ, եթե լրատվամիջոցները խեղաթյուրել են նրա խոսքը, կամ էլ ներողություն խնդրել ադրբեջանցիներից:

Lenta.ru-ի փոխանցմամբ, Ֆյոդոր Նեգոյը «Նեժդաննի» գյուղատնտեսական մեծածախ շուկայի գլխավոր տնօրենն է: Այդ շուկան մրցակցում է Խերսոնի կենտրոնական շուկայի հետ, որը գլխավորում է ադրբեջանցի Նուրադդին Յուսիֆովը: