Ձմռանը «Վերին Լարսի» սահմանային անցակետով կոնտեյներներով բեռնափոխադրումները սահմանափակվում են եւ դրան պետք է հանգիստ վերաբերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հայկական «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին այդ ճանապարհի խցանումները:
«Մեր մեքենաներն այնտեղ չեն մնացել, մենք դրանք ուղարկել ենք այլ ուղիներով՝ մասնավորապես լաստանավով: Մենք մեր հաճախորդներին զգուշացնում ենք, որ բեռը կհասնի 10 օր հետո, փոխարենն՝ առանց ձգձգումների: Ավելի լավ է այսպես, քան՝ արկածների մեջ ընկնել, հետո վճարել ուշացումների համար»,-ասաց նա:
Գագիկ Աղաջանյանը հիշեցրեց, որ ձմռան սեզոնին «Վերին Լարսի» անցակետով երթեւեկությունը խոշոր մեքենաների համար սահմանափակվում է՝ սովորաբար նոյեմբերի կեսերից մինչեւ ապրիլի կեսերը:
Նշենք, որ վերջին 2-3 օրերին ռուս-վրացական սահմանային «Վերին լարսի» անցակետում մի քանի հարյուր հայկական բեռնատարներ են խցանվել:



























