Ավելորդ ջանքերը, ինչպես հայտնի է, հաճախ հղի են հապշտապ եզրակացություններով եւ ոչ ճիշտ որոշումներով: Այս անգամ եւս Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, վախեցած կենսաթոշակային հիմնադրամում «մեռած հոգիների» հետ կապված մեքանայություններից, սկսել է խախտումներ փնտրել հղիության արձակուրդում գտնվող հղի կանանց եւ երիտասարդ մայրերի շրջանում:
Սակայն ամեն ինչի մասին հերթով: NEWS.am-ի խմբագրություն էր դիմել Ա. Խ-ն` երկու տարեկան Ալեքսի մայրը: Օրերս նրան կանչել են վերոնշյալ նախարարության տարածքային ստորաբաժանումից եւ կատեգորիկ կերպով պահանջել են շտապ կերպով վերադարձնել երկու տարվա ընթացքում պետության կողմից նրան վճարված միջոցները, քանի որ այդ ընթացքում նա... աշխատել է: Համաձայն օրենսդրության` հղիության եւ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կնոջը պետությունը վճարում է 18 հազ. դրամ: Եւ այս «խոշոր» միջոցները չեն տրամադրվում նրանց, ովքեր շարունակում են աշխատել: Նախարարության տվյալներով, Ա. Խ-ն, նորածին երեխան ձեքին, գումար է վաստակել չորս (!) տեղում: Ընդ որում, նրանցից մեկը, բարեգործական ինչ-որ «Երազ» հիմնադրամ, արդեն երկար ժամանակ չի գործում եւ այնտեղից տեղեկանք ստանալու բոլոր փորձերը ձախողվել են: Մյուս հաստատությունը` «Անտարեսը» սիրով տեղեկանք է տրամադրել այն մասին, որ Ա. Խ.-ն այնտեղ չի աշխատել: Նախարարության կողմից մատնանշված ձեռնարկություններից եւ գրասենյակներից ներկայացված տեղեկանքները սկզբում պաշտոնյաների վրա տպավորություն չեն գործել: Նրանք բավական կտրուկ կերպով հայտարարել են, որ «ամեն ինչ պարզված է» եւ «իրենք այլեւս ճշգրտելու ոչինչ չունեն»: Սակայն որոշ մտորումներից հետո (մամուլի ներկայացուցչի հետ շփումից հետո) խոստացել են զբաղվել հարցով: Առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն արդյունքները:
Ա. Խ-ի դեպքը միայն մեկն է նմանատիպներից: Թե որքանով է այդ խղճուկ 18 հազ. դրամը նպաստում ծնելիության աճի քաղաքականությանը` առանձին հարց է: Թե որտեղից են փաստաթղթերում սխալ տվյալներ հայտնվել` նախարարությունում դեռ պետք է պարզեն: Իսկ մինչ այդ երիտասարդ մայրերը, երբեմն ողջ ընտանիքի հետ միասին, պետք է ապացուցեն, որ ուղտ չեն:




























