Զինվորականների կողմից ձերբակալված Մալիի վարչապետ Մոդիբո Դիարան դեկտեմբերի 11-ին հայտարարել է իր հրաժարականի մասին:

Շեյխ Մոդիբո Դիարան ձերբակալվել էր դեկտեմբերի 10-ի երեկոյան իր տանը, հայտնում են նրան մոտ կանգնած աղբյուրները:

Գործողությանը մասնակցել են Քաթիի ռազմակայանի շուրջ քսան զինծառայող: Նրանք կատարել են ռազմական խունտայի առաջնորդ կապիտան Ամադու Սանոգոյի հրահանգը, որը իշխանությունը գրավել էր 2012թ. մարտին, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Մինչդեռ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, ռազմական խունտայի ներկայացուցիչները հայտարարել են, որ Դիարան ձերբակալվել է Մալին լքելու փորձի ժամանակ: Դեկտեմբերի 11-ին  Բամակոյում  ռազմական խունտայի ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ նա  «ձերբակալվել է օդանավակայանում, որտեղից մտադիր էր մեկնել Ֆրանսիա»:

Շեյխ Մոդիբո Դիարան ամերիկյան Microsoft ընկերության աֆրիկյան ստորաբաժանման ղեկավարն էր, նախկինում աշխատել է  NASA-ում որպես աստղաֆիզիկոս, նա 2012թ. ապրիլի 17-ին նշանակվել էր անցումային քաղաքացիական կառավարության ղեկավար: 

Մալիում քաղաքական ճգնաժամի հետեւանքով երկրի հյուսիսն անարգել զավթել են տուարեգների եւ իսլամականների ապստամբ ուժերը, որոնք կապ ունեն «Ալ Քաիդայի» հետ: Ներկայումս քննարկվում է Աֆրիկական միության երկրների զինված միջամտության հարցը` Մալիի տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով: