Մինչեւ 2030 թ. Չինաստանն ԱՄՆ-ից կխլի աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցողի կոչումը։ Այդ մասին ասվում է   «2030-ի գլոբալ միտումները. Այլընտրանքային աշխարհներ» (Global Trends 2030: Alternative Worlds) զեկույցում, որը պատրաստել է ամերիկյան NIC (National Intelligence Council) կազմակերպությունը:

ԱՄՆ-ն կպահպանի միակ գերտերության կարգավիճակը, որն «ի վիճակի է ձեւավորել միջազգային դաշինքներ եւ պատասխանել գլոբալ մարտահրավերներին», ասվում է զեկույցում:

Ընդհանուր առմամբ 2030թ. Ասիայի երկրների ընդհանուր ազդեցությունն ավելին կլինի, քան ԱՄՆ-ինը եւ Եվրոպայինը միասին վերցրած:  Իսկ Եվրոպայի, Ռուսաստանի եւ Ճապոնիայի տնտեսությունները աստիճանաբար կկրճատվեն:

Զեկույցում նաեւ հաղորդվում է, որ մինչեւ 2030թ. ԱՄՆ-ին կհաջողվի հասնել էներգետիկական անկախության, գրում է lenta.ru-ն:
Անդրադառնալով այլ գլոբալ միտումների` NIC-ը կանխատեսում է, որ մինչեւ 2030թ.  կվերանա «իսլամական ահաբեկչությունը»: Ընդ որում, ահաբեկչությունը, որպես այդպիսին, կպահպանվի:  NIC-ի փորձագետները նաեւ Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի զինված հակամարտություններում կանխատեսել են միջուկային եւ կենսաբանական զենքի կիրառումը:

«2030-ի գլոբալ միտումները. Այլընտրանքային աշխարհներ» զեկույցը Ազգային հետախուզական խորհրդի հինգերորդ զեկույցն է։