Դեկտեմբերի 10-ին Տրիպոլի մտած Լիբանանի բանակի վերնախավային զորքերը դադարեցրել են 10 օր շարունակվող երկպառակությունը։
Սկզբում վերահսկողության տակ են վերցրել ալավիների Ջեբել-Մոհսեն անկլավը, հետո կարգուկանոն են հաստատել սունիական Բեբ Թաբանա, Էլ Քուբա, Էլ Մանքուբին եւ Բաքար թաղամասերում, հայտնում է «Ալ Մանար» գործակալությունը։
Բախումները 17 խաղաղ բնակչի կյանք էին խլել, 150 մարդ վիրավորվել էր։ Հակամարտող կողմերին՝ սիրիամետ կուսակցություններին եւ սիրիական ընդդիմությանն աջակցող իսլամիստներին հաշտեցնելու կառավարության փորձերն ապարդյուն էին անցել։ Հակամարտությունը հնարավոր եղավ դադարեցնել միայն այն ժամանակ, երբ Լիբանանի Գերագույն խորհուրդը բանակին թույլատրեց ուժային մեթոդների դիմել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Տարածաշրջանային դիտորդները նշում են, որ Տրիպոլիում լարվածությունը զգալի նվազել էր, երբ Դամասկոսը համաձայնել էր լիբանանյան ընտանիքներին փոխանցել «իսլամական կամավորների» դիակները։ Ըստ լիբանանյան մամուլի՝ վարձու իսլամիստների խումբը նոյեմբերի 30-ին համատեղ սահմանից 30 կմ հեռավորության վրա ընկել էր սիրիական հատուկ ջոկատի կազմակերպած թակարդը։ Սպանվածների թիվը, տարբեր տվյալներով, 16 -22 մարդ է կազմել։





























