Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ժամանել է Կուբա՝ վիրահատության միջոցով նոր չարորակ բջիջները հեռացնելու համար։ Հավանայի օդանավակայանում նրան դիմավորել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն։

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահը առաջին անգամ հրապարակավ հայտնել է իր իրավահաջորդի անունը։ Դեկտեմբերի 8-ին նա հայտարարել է, որ եթե իր հետ ինչ որ բան պատահի, ապա վարչապետ եւ ԱԳՆ Նիկոլաս Մադուրոն միանգամայն արժանի է՝ զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը։ Կուբայում Չավեսին սպասվում է վերջին 1,5 տարվա մեջ արդեն 4-րդ վիրահատությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դեկտեմբերի 8-ին Չավեսը հեռուստաեթերով  հայտարարել է, որ Կուբայում հետազոտվելով՝ նրա մոտ հայտնաբերվել են նոր չարորակ բջիջներ եւ նրան անհրաժեշտ է վիրահատվել։ «Աստծո կամքով, ինչպես նախորդ անգամները, այս անգամ էլ մենք կհաղթենք»,- ասել է նա։ Հեռուստադիմումից հետո Չավեսի կողմնակիցները դուրս են եկել փողոց եւ աղոթել են նրա առողջության համար։

Մինչդեռ ԱՄՆ-ում բնակվող վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան Ուգո Չավեսի առողջության հետ կապված նոր կանխատեսումներ ունի՝ նա կապրի մի քանի ամիս, մոտավորապես մինչեւ ապրիլ։

Բժիշկը բացատրում է Չավեսի շուտափույթ մեկնումը Հավանա լուրջ բարդություններով՝ «Հիվանդությունը կրկին ագրեսիվ տեսք է ստացել, նրա մոտ՝ գոտկատեղի մասում մետասթազային գործընթաց է, տեղի է ունենում նյարդային ճնշում ողնաշարի գոտկատեղի հատվածում, ինչը կարող է հանգեցնել կաթվածի»։

Ինչպես նշում է «Ռոսբալթ»-ը, բժիշկը հայտնի է Վենեսուելայի նախագահի առողջության հետ կապված կանխատեսումներով եւ ծանոթ է ինչպես Հավանայում, այնպես էլ Կարկասում Չավեսին սպասարկող բժշկական անձնակազմին մոտ գտնվող աղբյուրներին։