Միջուկային էներգաբլոկի հրապարակը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի: Այդ մասին նշված է ՀՀ  կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած պարզաբանման մեջ:

Սեյսմիկ վտանգի տեսակետից տվյալ հրապարակը բնորոշվում է մի շարք առանձնահատկություններով: Համաձայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների, նոր ատոմակայանի նախագծման նպատակով պետք  է մշակվեն եւ կիրառվեն սեյսմիկ ազդեցությունից սպասվող գրունտի շարժման առանձնահատուկ բնութագրեր:

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի առաջարկով՝ ՀՀ կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգ է մտել «Միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդը հաստատելու մասին» որոշման նախագիծ: Հարկ է նշել, որ գնահատման մեթոդը շարադրված է ոչ թե հայերեն, այլ անգլերեն:

Ըստ բացատրագրի՝ բնութագրվելու են սեյսմիկ օջախներն ու գոտիները, իրականացվելու է սեյսմիկ վտանգի հավանականային վերլուծություն եւ որոշվելու է գրունտի նախագծային տատանումը:

Նախագիծը լրամշակվել է նաեվ ԱԷՄԳ-ի փորձագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա: