Եվրասիական զարգացման բանկը «Նաիրիտ» գործարանի արդիականացման ավելի քան 100 մլն դոլարի նախնական հայտ է ստացել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողներին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովը: Հաշվի առնելով նախագծի բարդությունը, անհրաժեշտ է հստակեցնել դրա ծավալներն ու հիմնական պարամետրերը:
«Ընդհանրապես, սա մի քանի միլիոն դոլարանոց լուրջ նախագիծ է», – հավելել է Ֆինոգենովը: Հիշեցնենք, որ ըստ գործարանի զարգացման ծրագրի՝ դրա հաջող աշխատանքի համար անհրաժեշտ ներդրումների ծավալը կազմում է շուրջ 512 մլն դոլար:
NEWS.am-ը հայտնել էր, որ 2011թ. հոկտեմբերին ռուսական «ԻՏԵՐԱ» հոլդինգից «Նաիրիտ» էր ուղարկվել աշխատանքային խումբ, որը ծանոթացել էր քիմիական գործարանի իրավիճակին եւ զարգացման ծրագրերին: Ըստ փորձագիտական եզրակացության՝ անհրաժեշտ է համալիր աուդիտ իրականացնել: Հայկական կողմի հետ համատեղ քննարկվել էր այդ առաջադրանքի համար տեխնիկական օպերատոր ընտրելու հարցը:
«Նախնական փաստաթուղթը կարծես պատրաստ է, բայց դեռ չենք հասցրել ծանոթանալ: Ֆինանսական ընկերություն լինելով՝ առաջին հերթին կենտրոնանում ենք մեր առաջադրանքի՝ հայտի ֆինանսական կայունության վրա», – հստակեցրել է Ֆինոգենովը:
Նշենք, բանկի պատվիրակությունները պարբերաբար այցելել են «Նաիրիտ» եւ ծանոթացել վիճակին: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն քիմիական գործարանն է, քլորոպրենային կաուչուկի խոշորագույն արտադրողը: Այս պահին գործարանն արդիականացման կարիք ունի: Այդ նպատակով ձեռնարկության համար կառավարող ընկերություն է փնտրվում:



























