Չի կարելի ասել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները նախորդներից որեւէ բանով տարբերվում էին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով, ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ փոխել բանակցությունները բնույթն ու իրականությունը:  «Պահպանվում է Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը, այսինքն՝ տարածքներ հանուն կարգավիճակի: Եթե Հայաստանն ազատագրված տարածքները վերադարձնի Ադրբեջանին, Ղարաբաղում հանրաքվե կանցկացվի եւ կորոշվի հանրապետության կարգավիճակը», - նշել է քաղաքագետը:

Ըստ Սերգեյ Մինասյանի՝ Մադրիդյան սկզբունքները ղարաբաղյան կարգավորման գործընթացում ստատուս քվոյի պահպանման արդյունավետ միջոց են:

«Հասկանալի է, ներկա իրավիճակում հակամարտող կողմերից ոչ մեկը պատրաստ չէ իրատեսական փոխզիջումների: Արտաքին խաղացողներն էլ չեն ցանկանում սրել իրավիճակը, քանի որ երաշխիք չկա, որ շտապողական որոշումները կամ քայլերը կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ամեն դեպքում, թվում է, ներկա իրավիճակում բոլոր կողմերի շահերն այս կամ այն կերպ բավարարված են, իսկ էական փոփոխությունների համար ժամանակ է պետք», - ամփոփել է փորձագետը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am