Հայաստանի մակրոտնտեսական գնահատականները լավ են, շատ քիչ են երկրները, որ ունեն բարձր տնտեսական աճ եւ ցածր գնաճ, կարողացել են կրճատել բյուջեի դեֆիցիտը: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արժույթի Միջազգային Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գիլերմո Տոլոսան: «Հայաստանի տնտեսական պայմաններն ավելի լավն են, քան եղանակային պայմանները»,- կատակեց ԱՄՀ պաշտոնյան: Սակայն նաեւ հավելեց, որ գործարարությամբ զբաղվելու համար դեռ խոչընդոտներ կան:

Գ. Տոլոսան տեղեկացրեց, որ երեկ ԱՄՀ գործադիր խորհուդը հաստատել է Հայաստանին մոտ 52 մլն դոլար վարկ հատկացնելու որոշումը` «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) եւ «Երկարաձգվող վարկավորման» (ESF) ծրագրերի շրջանակներում: Ֆինանսավորման ընդհանուր գումարը 408 մլն դոլար է (հաստատվել է դեռեւս 2010 թ. հունիսին), որից 325 մլն դոլարն արդեն հատկացվել է:

Գ. Տոլոսան նշեց, որ Հայաստանն ունի ողջամիտ եւ կառավարելի պետական պարտք, զգալի ջանքեր չեն պահանջվի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 2.6%-ի սահմաններում պահելու համար: