Հայաստանում պետական բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշը ցածր է: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արժույթի Միջազգային Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գիլերմո Տոլոսան: «Գիտակցում ենք, որ դա նաեւ մեր մեղքն է, քանի որ չենք կարողացել օգնել եկամուտների ավելացման հարցում»,- ասաց Գ. Տոլոսան:
Նա առաջընթաց համարեց այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2013 թ. 0,6%-ով բարձրացնել հարկեր/ՀՆԱ մակարդակը (ներկայում մոտ 17%-ի շրջանակներում է): Սակայն, ըստ Գ. Տոլոսայի, հարկերի հավաքագրման աճի պոտենցիալն ավելի մեծ է` առնվազն ՀՆԱ-ի 4-5 %-ի չափով: Նա նաեւ օրինակ բերեց հարեւան Վրաստանին, որտեղ ներկայում հարկերի հավաքագրման մակարդակը ՀՆԱ-ում 8%-ով գերազանցում է Հայաստանի մակարդակը:


























