Եվրասիական զարգացման բանկը կքննարկի Հայաստանում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի համար 100 մլն դոլարի վարկ հատկացնելու հնարավորությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին Երեւանում լրագրողներին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովը:

«Մենք Ասիական զարգացման բանկի հետ քննարկում ենք միջանցքի հատվածներից մեկի ֆինանսավորման հնարավորությունը», – հստակեցրել է նա: Նախագծի տեխնիկական եւ ֆինանսական հիմնավորումն արդեն կազմվում է, այդ պատճառով վարկային հայտի փաստաթղթերը նախապատրաստելը հեշտ կլինի:

Նշենք, Հյուսիս-Հարավ տրանսպորտային ավտոմոբիլային միջանցքը (իրանականից մինչեւ վրացական սահման) Ասիական զարգացման բանկից 500 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել: Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը կկազմի  467 մլն դոլար: Ճանապարհի ընդհանուր 259 մլն արժեքով երեք հատվածի կառուցման մրցույթն ավարտվել է: Աշտարակ-Թալին, Երեւան-Արարատ, Երեւան-Աշտարակ հատվածների աշխատանքները կիրականացնի իսպանական  «Corviam Construccion» ընկերությունը: