Յուրի Միլների ստեղծած ֆիզիկայի բնագավառում հետազոտությունների աջակցման  հիմնադրամը հայտարարել է դափնեկիրներին: Հաղթողների թվում են աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը (սեւ խոռոչներից Հոքինգի ճառագայթումը բացահայտելու համար) ու Հիգսի բոզոնի նման մասնիկ հայտնաբերած եւս 7 ֆիզիկոսներ: Նրանք մինչեւ 3 մլն դոլարի մրցանակ կստանան:

Մրցանակի պայմանների համաձայն՝ Fundamental Physics Prize-ի դափնեկիրները տարվա ընթացքում լայն լսարանի համար հրապարակային դասախոսություններ պետք է կարդան, որոնք կտեսագրվեն եւ կտեղակայվեն համացանցում: Կազմակերպիչները հուսով են դրանով նպաստել հիմնարար ֆիզիկայի տարածմանը, գրում է «Կոմերսանտը»:

Բացի Fundamental Physics Prize-ից մրցանակներ կշնորհվեն նաեւ այլ անվանակարգերում՝ Physics Frontiers Prize եւ New Horizons in Physics:

Յուրի Միլների հիմնադրամը հիմնարար ֆիզիկայի բնագավառի ամենամյա մրցանակը սահմանել էր հուլիսի վերջին: Այն ժամանակ բոլոր ինը դափնեկիրներին ընտրել էր Միլներն անձամբ: Նրանք 3 մլն դոլար էին ստացել եւ ընդգրկվել ընտրական հանձնաժողովի կազմում: Ապագա հաղթողները եւս կընդգրկվեն հանձնաժողովում: