2012 թ. մայիս-հունիս ամիսներին զգալի ճնշում կար դրամի արժեզրկման ուղղությամբ: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արժույթի Միջազգային Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գիլերմո Տոլոսան: «Մեզ գոհացրեց այն, որ կենտրոնական բանկը, ի տարբերություն նախկինում արձանագրված որոշ դրվագների, թույլ տվեց, որ այդ արժեզրկումը տեղի ունենա: Բայց մյուս կողմից` կենտրոնական բանկը չի ցանկանում, որ փոխարժեքի փոփոխությունները լինեն ծայրահեղ եւ ապակայունացնեն ֆինանսական իրավիճակը»,- ասաց Գ. Տոլոսան:
Դրամի արժեզրկման պատճառների մեջ Գ. Տոլոսան առանձնացրեց օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը, իրանցի զբոսաշրջիկների թվի նվազումը եւ որոշ գործակալների սպեկուլյատիվ վարքագիծը:
Ըստ Գ. Տոլոսայի` ՀՀ կենտրոնական բանկը ստիպված էր վաճառել իր միջազգային պահուստների մի մասը, սակայն այնուհետ, երբ դրամը սկսեց ամրապնդվել, վաճառված արտարժույթի մի մասը ետ գնվեց: Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկը, ըստ ԱՄՀ եզրակացության, խախտել է միջազգային պահուստների նվազագույն սահմանաչափը, ինչը կարեւոր նշանակություն ունի ԱՄՀ-ից վարկեր ստանալու համար: Արդյունքում` Հայաստանի իշխանությունները նույնիսկ դիմել են ԱՄՀ-ին` Հայաստանի համար բացառություն անել եւ փոխել դեկտեմբերի վերջի սահմանաչափը: ԱՄՀ գործադիր խորհուրդը հավանություն է տվել հայկական իշխանությունների այդ դիմումին:
Նշենք, որ ՀՀ միջազգային պահուստները 2012 թ. հոկտեմբերի դրությամբ կազմել են մոտ 1.7 մլրդ դոլար: Նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի միջազգային պահուստները կազմում էին 1.95 մլրդ դոլար:



























