Հայաստանի ֆինանսական շուկայում նկատվում է ամերիկյան դոլարի փոխարժեքի նվազում` պայմանավորված, ամենայն հավանականությամբ, նախաամանորյա տնտեսական ակտիվությամբ:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 11-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.51 դրամ: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ ուրբաթ օրվա համմեատ դոլարն էժանացել է 0.54 %-ով կամ 1.78 կետով: Հայաստանյան ֆինանսական շուկայի համար սա բավական զգալի տատանում է:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 7.56 մլն դոլար: Ակնհայտ է, որ եթե կենտրոնական բանկը շուկայից «ավելորդ» արտարժույթը չգնի, ապա դոլարը կշարունակի կտրուկ անկում ունենալ:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարն էժանացել է: Փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքն իջեցրել են 404 կամ 405 դրամ, վաճառքն իրականացնում են 406-407 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոն ամրապնդվել է դոլարի նկատմամբ, կապված Իտալիայում քաղաքական լարվածության թուլացման հետ, ինչն էլ իր հերթին հետեւանք էր վարչապետի պաշտոնում Սիլվիո Բեռլուսկոնիի առաջադրման:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.7506 ռուբլին: Ռուբլին արժեւորվել է դոլարի նկատմամբ:



























