Կանադական Տորոնտո քաղաքում IKEA խանութի հաճախորդները ցնցված էին՝ հիպերմարկետի կայանատեղիում տեսնելով վերարկու եւ տակդիր հագած կապիկին։ Ինչ-որ ձեւով մակակ տեսակի կապիկը դուրս էր եկել փակ ավտոմեքենայից եւ փորձում էր գտնել իր տիրուհուն։

Կապիկը թափառում էր եւ գոռում։ Ականատեսների խոսքերով՝ կապիկը չափով կատվից փոքր էր երեւում եւ շատ հուզիչ տեսք ուներ։ Սակայն, ինչպես նշում են կենդանիների պաշտպանության ծառայությունից, կապիկը իսկական սթրես էր ապրել՝ հայտնվելով անծանոթ տեղում, օտար մարդկան մեջ։

Խանութի աշխատակիցները անմիջապես ոստիկանություն են զանգահարել։ Այնտեղ նախ մտածել են, թե դա կատակ է, բայց հետո, ամեն դեպքում, այնտեղ են ուղարկել փրկարար մի ջոկատ։ Կապիկին բռնել եւ վերադարձրել են տիրուհուն՝ իհարկե ոչ երկար ժամանակով։ Տորոնտոյի օրենքների համաձայն, այդպիսի կենդանիներին չի կարելի պահել տանը՝ ընտանի կենդանու կարգավիճակով։ Կապիկի տիրուհուն սպառնում է 240 դոլարի տուգանք, իսկ կապիկին տարել են Տորոնտոյից 100 կմ դեպի հյուսիս գտնվող Story Book Farm Primate Sanctuary կապիկների ապաստարան, հայտնում է «Վեստի.ռու»-ն։

Այդ ընթացքում, Դարվին մականունով կապիկը իսկական ֆուրոր է առաջացրել համացանցում։ Արդեն մի քանի ժամ անց Թվիթերում  հայտնվել էին երկու հումորային էջ, որոնցում կապիկը, օրինակի համար, բողոքում էր դժվար ճակատագրից եւ IKEA հաճախելով՝ իր ստացած տպավորությունից։ Իսկ Դարվինի մասնակցությամբ կոլաժների հավաքածուն շարունակում է համալրվել։ Օգտագործողները կարող են հետեւել թարմացումներին #ikeamonkey հէշթեգով։

Այս ընթացքում YouTube-ում դիտումներ է հավաքում տնային տեսահոլովակը, որում Դարվինի տիրուհին նկարահանել է, թե ինչպես է կապիկը շփվում մեկ այլ ընտանի կենդանու՝ ժակո թութակի հետ։