Դեկտեմբերի 11-ից սահմանափակված է բեռնատարների, կիսակցորդներով բեռնատարների եւ 30 նստելատեղից ավելի ավտոբուսների երթեւեկությունը Վերին Լարսի անցակետի շրջանում (Գուդաուրի-Կոթի 93-106 կմ հատվածում): Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել Վրաստանի տրանսպորտի նախարարությունը: Մնացած մեքենաների համար երթեւեկությունը բաց է, սակայն առկա է մերկասառույց, տեղում է ձյուն:

ՀՀ տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ այն մեքենաները, որոնք չեն հասցրել դուրս գալ վտանգավոր գոտուց, դուրս կբերվեն հատուկ քարշակների օգնությամբ: Այս պահի դրությամբ սակայն տեղեկատվություն չկա ճանապարհներին մնացած մեքենաների մասին:

Ավելի վաղ հայկական եւ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել, որ Վերին Լարսի անցակետի երկու կողմերում հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել: