Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունները կանցնեն ոչ թե քաղաքական էլիտայի ներկայացուցիչների պայքարի մակարդակով, այլ միավորումների եւ կոալիցիայի ձեւավորման, որն արդեն կարելի է դրական առաջընթաց համարել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Անդրադառնալով«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումների վրա ազդող արտաքին եւ ներքին գործոններին՝ քաղաքագետը նշել է, որ արտաքին գործոնները, բնականաբար, ոչ մի նշանակություն չունեն, իսկ ներքիններից կարելի է ընդգծել բուն կուսացության հետագա գոյության հարցը: «Չեմ կարծում, թե Գագիկ Ծառուկյանը թույլ կտա, որ «Բարգավաճ Հայաստանը» վերածվի «Օրինաց երկրի»: Կարող են տեղ գտնել նաեւ ուժային, վարչական գործոններ, որոնք նրան ստիպեն չառաջադրել թեկնածությունը: Ներքաղաքական իրավիճակի զարգացումներում հնարավոր են բոլոր սցենարները, եւ դրանք ավելի շատ պայմանավորված են ներքաղաքական ուժերի բաշխմամբ, քան արտաքին քաղաքական ճնշմամբ», - ասել է փորձագետը:
Նա նաեւ հավելել է, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ ոչ մի կարեւոր փոփոխություն չի լինի, քանի որ նախագահի հավանական թեկնածուների արտաքին քաղաքական մոտեցումներն էականորեն չեն տարբերվում: «Հայաստանը ուժային բոլոր կենտրոնների հետ կպահպանի կայուն եւ կշռադատված հարաբերությունները», - եզրակացրել է Սերգեյ Մինասյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























